ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ

Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ

Անհայտ անձինք գրառումներ են կատարել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու պատերին և փոսեր փորել այնտեղ։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Թուրքական աղբյուրի համաձայն՝ այդ վանդալիզմը վրդովմունքի տեղիք է տվել, քանի որ եկեղեցին տեսարժան վայրերից մեկն է գավառ այցելող զբոսաշրջիկների համար։ Տարվա որոշակի ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր գավառներից և արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են նաև այս հայկական պատմական եկեղեցին։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ անհայտ անձինք պատմական կառույցի պատերի վրա տարբեր գույների գրիչներով իրենց անուններն են թողել և փոսեր փորել եկեղեցում։ Այդ վերաբերմունքը հարուցել է թե՛ տեղի բնակչության և թե՛ պատմությունը գնահատող անձանց վրդովմունքը։

Հիշեցնենք, որ Սիվրիհիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ 1876 թ․ այստեղ բռնկված հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերականգնվել 1881 թ․, Պատրիարք Հայր Ներսես Վարժապետյանի օրոք։ Այն իր մեծությամբ երկրորդ վանական համալիրն է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Եկեղեցին նախկինում օգտագործվել է որպես գոմաղբի պահեստ։ Թուրքական իշխանությունները դեռևս 1996 թ․ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ սկսել եկեղեցում, սակայն վերանորոգումը մեկնարկել է ավելի ուշ՝ 2010 թվականին։

  • Կիսվել: