երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Շիրակում ուսումնասիրվում են կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Շիրակում ուսումնասիրվում են կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում, հայտնում են համայնքապետարանից։

Շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Ախուրյան համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։

Արձանագրվել են բնակելի տների տանիքների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վնասման դեպքեր։ Հանձնաժողովն այցելել է նաև Անի համայնքի Ձիթհանքով և Լանջիկ բնակավայրեր, որտեղ, նախնական գնահատականների համաձայն, վնասներ են կրել հիմնականում գյուղատնտեսական հողատարածքները։

Համայնքային հանձնաժողովները շարունակում են ընդունել քաղաքացիների ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու և վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Շիրակի մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։

  • Կիսվել: