կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Շիրակի մարզպետարանում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումները

Շիրակի մարզպետարանում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումները

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։

Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և կարևորել բոլոր կառույցների համագործակցությունը․

«Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները, կարևոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, օպերատիվ՝ աշխատանքներում»։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առողջության առաջնային օղակի գործունեությանը, առողջապահական հաստատություններում անհրաժեշտ ախտահանիչ նյութերի առկայությանը, մեկուսարանների պատրաստվածությանը։ Շիրակի մարզպետին է զեկուցվել, որ բոլոր կառույցներում ամեն ինչ արվում է վիրուսի կանխարգելման համար նախանշված միջոցառումներն անթերի իրականացնելու ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետը ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Տիգրան Պետրոսյանը նախապես նշել է, որ այս պահի դրությամբ մարզում որևէ մտահոգիչ դեպք չի գրանցվել և ընդգծել, որ ամեն ինչ արվում է հնարավոր ռիսկերից խուսափելու համար․

«Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ մեզ մոտ չկան։ Ռիսկային գոտուց վերադարձած մարդիկ գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, նրանց թիվն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտրուկ կնվազի, քանի որ լրանում է հսկողության տակ գտնվելու ժամկետը։ Ռիսկեր, իհարկե, կան, հենց դրանք հաշվի առնելով ենք հանդիպում բոլոր պատասխանատու կառույցների հետ»։

Ըստ Շիրակի մարզպետի, կարևոր է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացի ցուցաբերի քաղաքացիական պատասխանատվություն, պահպանի հիգիենայի կանոնները, ինչը մի քանի անգամ կնվազեցնի վիրուսի տարածման ռիսկը։

  • Կիսվել: