Շատ վատ է, որ մինչև հիմա չունենք էթիկայի հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան
Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։
Այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել կոնկրետ օրինակով, մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծին արձագանքելու համար, Սիմոնյանը պատասխանեց․
«Դա անել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օրինակով...մենք այդ հարցը չենք քննարկել։ Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների և լրագրողների կողմից հարց է բարձրացվել, բնական է՝ կքննարկենք»։
Մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։