Սեղանին դրված է հաշիվ, որը փակեց զինվորը, շատերը, ցավոք, իրենց կյանքի գնով. Արեն Մկրտչյան
Սեյրան Օհանյանին ասել եմ ու կրկնում եմ՝ բանակից գողացած փողով կառուցած ամեն քարը մի զինվորի կյանքն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի իր ելույթի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդագրերին, որոնց համաձայն՝ առաջարկվում է «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ:
«Գլխավոր դատախազը միջնորդագիր է բերել Ազգային ժողով: Երկու օր հետևում են քննարկումներին: Ջայլամի ձվի չափ ծամոնը բերանները գցած՝ հարց են տալիս, էության մասին ոչ մի խոսք, բանավեճը ձևի մասին է:
Կարո՞ղ էր նորանշանակ նախարարը երեք ժամում փաստաթուղթ կեղծել, թե՞ դրա համար, օրինակ, 8 ժամ էր պետք: Վարչության պետը փաստաթղթերում գրել է «տիրապետել», միջնորդագրում նշված է «տնօրինել»: Ոչ մեկը չի ասում՝ տիկի՛ն Վարդապետյան, մարդը նախարարի՝ 500 հազար դրամ աշխատավարձով չէր կարող 2-3 մլն դոլար արժողությամբ դղյակ ունենալ: Դա նրա ուղիղ 200 տարվա աշխատավարձն է: Ում անունով ուզում է գրանցած լինի, իրենը չէ: Չեն կարող ասել նման բան, քանի որ ի պատասխան կբերվի 800-900 հազար դրամ աշխատավարձ ստացած Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ, բռնագանձման ներկայացված ապօրինի ծագման ունեցվածքը, որը նրա 7407 տարվա աշխատավարձն է»,- ասաց նա:
Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Արեն Մկրտչյանը նշեց. «Օրակարգում դրված են պետությանը վերադարձվող՝ զենք չդարձած դղյակներ, որոնց ամեն քարը մի զինվորի ճակատագիր է: Սեղանին դրված է հաշիվ, որը փակեց զինվորը, շատերը, ցավոք, իրենց կյանքի գնով»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Նիստի շրջանակում քննարկվելու է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: