Սահմանային անցակետերից հոսպիտալացվել է ավելի քան 200 քաղաքացի․ ԱԱՏՄ ղեկավար
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 24-ից սահմանային հսկիչ կետերում աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինը սահմանային հսկիչ կետերում մայիսի 6-ի դրությամբ լրացրել է 23 հազար 311 ուղևորների համար մեկուսացման և ինքնամեկուսացման ծանուցագիր։
«Մինչ այժմ լրացվել է 47 հազար 483 ուղևորների համար հասցեական քարտեր, այնուհետև երբ հասցեական քարտերը փոխարինվեցին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել են և ծանուցվել 23 հազար 311 ուղևորներ , ովքեր գնացել են ինքնամեկուսացման, իսկ Առողջապահության նախարարության և մարզպետարանների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է 2509 ուղևորների մեկուսացումը»,- ասաց Ավագյանը։
ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այդ աշխատաքներին զուգահեռ կազմակերպվել է քաղաքացիների հոսպիտալացումը։
«Եթե ժամանող ուղևորի մոտ առկա են լինում ախտանիշներ, ապա տեղի է ունենում անմիջապես հոսպիտալացում հենց մեր սահմանային հսկիչ կետերից։ Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվածների թիվը այս պահի դրությամբ կազմում է 217»,- եզրափակեց Ավագյանը։


