շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Սա անցնում է բարոյականի սահմանը․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի գրառման մասին

Սա անցնում է բարոյականի սահմանը․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի գրառման մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս  անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը՝  շեշտելով, որ այդպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: 

«Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը:

Հ.Գ. տեղեկացնում են, որ այդ էջում Թովմասյանի դուստրը չէ, իմքայլականը վրիպել է: Բնականաբար չեմ ճանաչում, չգիտեմ: Էական էլ չէ»,- գրել է Խաժակյանը։

Հիշեցնենք՝ Հարթենյանի այս արարքը արժանացել էր հասարակական լայն պարսավանքի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի և բացարձակ մերժելի էր համարել արաքը՝  «հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջելով հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ»։

Բարձրացված աղմուկից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ 

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս արձանագրել է, որ ավագանու անդամի արարքը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: