Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցները նախընտրական քարոզարշավի շրջանում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը և տեղեկությունը տարածվել է սոցցանցերում։
«Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում է ստացել, փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին»,– այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Օգտատերերը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ցերեկը։
Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։
Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։


