Քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզում երեխաներին կապելու մասին գրառմանը
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգ էր հնչեցրել՝ կապված թիվ 92 մանկապարտեզում երեխաներին աթոռներից կապելու հետ, որին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում-հայտարարություն է տարածել:
Պարզաբանումը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:
Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ:
Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաև նախաներառական խմբերում ընդգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաեւ՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:
Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:
Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների եւ նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»: