Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում հանդիպում կունենան
Պռոշյանցիներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան և գնացին Մշակույթի տուն` քննարկելու իրենց հետագա քայլերը:
«Վաղը մեր խմբից 4 հոգու կառավարությունում կընդունեն ու այնտեղ կհիմնավորենք մեր պահանջները, ցույց կտանք նաև GPS-ով տարածքը։ Եթե չընդունեն մեր առաջարկը, ապա դրանից հետո ավելի շատով կհավաքվենք. աշակերտներն էլ դպրոց չեն գնա, Երևան գնացողները, այս ճանապարհին աշխատողները կմիանան մեզ»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից էլ նշեց. «Պատկերացրեք մի մարդ ունի չորս ուսանող, ամիսը 60 հազար դրամ պետք է տրամադրի 60 հազար դրամ։ Առաջարկում ենք, որ երթուղին հասցնեն մինչև օրինակ մետրոյի «Բարեկամություն» կայարան, բայց ընկերությունից ասում են, նախ Երևանի քաղաքապետարանի հետ պետք է քննարկեն, կարո՞ղ են հասնել այդտեղ, թե՞ ոչ, ակնարկեցին, որ այդ դեպքում տոմսի գինը կբարձրանա»:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։