շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Փրկարար ծառայությունը զարգացնում է կամավորների գիտելիքները․ Խաչիկ բնակավայրում գործնական վարժանք է անցկացվել

Փրկարար ծառայությունը զարգացնում է կամավորների գիտելիքները․ Խաչիկ բնակավայրում գործնական վարժանք է անցկացվել

ՆԳՆ փրկարար ծառայությունն շարունակում է իր գործունեությունն ուղղված փրկարարական կազմավորումների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Այս համատեքստում, կանոնավոր պլանային և արտապլանային ուսումնավարժանքներն առանցքային դեր են խաղում ինչպես փրկարարների, այնպես էլ կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունների ամրապնդման գործում։
 
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի հրշեջ կամավորական հենակետի հետ համատեղ անցկացրել է արտապլանային գործնական վարժանք:
 
Իրականացված միջոցառումը նպատակ ուներ նպաստելու հրդեհային անվտանգության ոլորտում գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը, ինչը թույլ է տվել բարձրացնել փոխգործակցության արդյունավետությունը և համատեղ գործողությունների համակարգումը:
Կամավորական հենակետի անձնակազմը կիրառել է տեսական գիտելիքները գործնականում՝ ստանալով փորձառու մասնագետների արժեքավոր խորհուրդներն ու գնահատականը:
 
ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակելու է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կամավորական հրշեջ-փրկարարական կազմավորումների զարգացմանը՝ կարևորելով նրանց դերը համայնքների անվտանգության ապահովման գործում:

  • Կիսվել: