Փլուզում Մայր թատրոնում․ նախարարը հանձնարարել է պատժել մեղավորներին
Մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան: Տեղի ունեցածի առչությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, մեղավորները պետք է պատժվեն։
«Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին»,- գրել է նա, և տեղեկացրել, որ ըստ նախնակալ տվյալների՝ կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների:
«Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,-շեշտել է նախարարը:
Ինչպես, տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: