երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում. Hetq.am

ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում. Hetq.am

2025 թվականի հունիսի 4-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ձեռքի ռենտգեն ստուգման սարք ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը 82 մլն 500 հազար դրամի դիմաց պետք է մատակարարի նման երեք սարք։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Գեղամ Վանունու և Արթուր Եգորյանի կողմից։ Հետագայում՝ 2017 թվականին, Եգորյանը դուրս է եկել ընկերությունից և միակ սեփականատերը դարձել է Գեղամ Վանունին։

2023 թվականի հուլիսի 3-ին Վանունին նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 2024-ի մայիսին, նրա լիազորությունները դադարեցվել են։

2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը նա զբաղեցրել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը։ Իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Վանունին եղել է «Երևան ջէկ» ՓԲԸ-ի փոխտնօրենը։

Գեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։

2017-2018 թվականներին ընկերությունը 12 պայմանագիր է կնքել Պետական եկամուտների կոմիտեի, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, Ազգային Ժողովի, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 8.7 մլն դրամ է։

Այն ժամանակահատվածում, երբ Գեղամ Վանունին զբաղեցնում էր Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը (2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը) նրան պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի ծավալը շեշտակի աճել է։ Ընկերության հետ կնքվել է 27 պայմանագիր՝ ընդհանուր 53.2 մլն դրամի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: