Փաշինյանը՝ վարակվածներին բուժելու և մեկուսացնելու՝ ՀՀ-ի հնարավորությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասպանի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե մենք ունե՞նք արդյոք բավարար հիվանդանոցային պայմաններ, որպեսզի կարողանանք շարունակել պատշաճ կերպով իրականացնել վարակվածների բուժման գործընթացը:
Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ 400 մահճակալ ունենք պատրաստ:
«Նաև ունենք մինչև 800-1000-ի դեպքում պատկերացում, թե որտեղ ու ինչքան հիվանդ կտեղավորենք՝ վատագույն զարգացման դեպքում: Դեռ այն ժամանակվանից, երբ Նորքի հիվանդանոցը սկսեցին պատրաստել, բոլորին տեղափոխեցինք ուրիշ հիվանդանոցներում: Եվ Նորքի ինֆեկցիոնը միակը չէ: Երկրորդ հիվանդանոցը 100 տոկոս պատրաստ, էլի ունենք, երրորդ ու չորրորդ ռեզերվը նույնպես ունենք, 1000-15000 թվի մասին է խոսքը, հույս ունենք, որ այդ թիվը չենք լրացնի: Նույնը՝ մեկուսացման վերաբերյալ: Մենք ևս չորս հարյուր հոգու մեկուսացնելու հնարավորություն ունենք»,- վստահեցրեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ իրենք շարունակում են մեկուսացման քաղաքականությունը և հույս ունեն, որ դրանից հրաժարվելու մտադրություն դեռ չունեն: