Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Թալինում հանդես է եկել բանախոսություններով
Այսօր «Կրթվելը նորաձև է» շարժումը Թալին համայնքում էր: ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառն աչքի ընկնավ յուրահատուկ մթնոլորտով և առանձնահատուկ ակտիվությամբ։
Միջոցառման օրակարգն, ինչպես միշտ, ներառում էր ողջույնի խոսք, բանախոսություններ, մշակութային կատարումներ և հարցուպատասխան: Տիկին Աննա Հակոբյանը իր ելույթում ընդգծեց. «Երբեք չի եղել 21-րդ դար, և երբեք չենք եղել մենք»` ևս մեկ անգամ հիշեցնելով ներկաներին, որ դարերի խորքից եկող մեր խնդիրներին ու արատավոր երևույթներին հակազդելու միակ միջոցը կրթվելն է, իսկ կրթվելու ժամանակը հենց այսօր է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց հայրենիքի հանդեպ մեր ունեցած պարտականությունների, պատասխանատու քաղաքացի լինելու կարևորության մասին՝ ընդգծելով կրթության ուժը՝ որպես երկրի զարգացման հիմնաքար։ Նա հանդես եկավ երկու` «իմանալ` ինչպես» և «իրական Հայաստան» բանախոսություններով:
Մշակութային հատվածում ելույթ ունեցան՝ «Արտին» ժողովրդական պարային համույթը, սաքսոֆոնիստ Հայկ Մարտիրոսյանը, և Սանթուր նվագախումբը։
Հարցուպատասխանի հատվածը շատ տպավորիչ էր: Կրթության ոլորտի, համայնքային երիտասարդության կրթության հնարավորությունների, նրանց շրջանում արդի տենդենցների և այլ թեմաների շուրջ տրվեցին մի շարք խորքային ու մտահոգ հարցեր՝ ինչպես ընդմիջման, այնպես էլ պաշտոնական քննարկման ընթացքում։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց մեզ, որ կրթվելու մղումը երբեք չի մարում այնտեղ, որտեղ կա հարց, հետաքրքրություն, պատասխանատվություն, պրպտելու և գիտելիքով զինվելու ցանկություն։