Պարոն Ծառուկյանի արտահայտությունների քաղաքական գնահատականների մասին խոսելը հիմա սխալ է. Սիմոնյան
Այսօր ՔՊ նիստից հետո, որին ասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ աշխատողների հարկադիր պարապուրդի ուղարկելու համար պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի:
Այս առնչությամբ Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ` թե՛ պարոն Ծառուկյանի, թե՛ իմ պարագայում, թե՛ որեւիցե մեկի պարագայում քաղաքական մեկնաբանություններ անելը եւ հիմա գնահատականներ շռայլելը սխալ է, որովհետեւ աշխարհը նման իրավիճակ չի ունեցել: Նույնիսկ Անգլիայի վարչապետն է հայտարարություն անում, որը հետագայում նոր ինֆորմացիայի գալուն պես մեկ այլ գործողության է բերում: Պարոն Ծառուկյանի արտահայտությունների կամ որեւիցե քաղաքական գործչի քաղաքական գնահատականների մասին խոսելը, շտապելը սխալ է»: