ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Պարետի հրամանով կարգելվեն նաև միջմարզային ուղևորափոխադրումները. փոխնախարար

Պարետի հրամանով կարգելվեն նաև միջմարզային ուղևորափոխադրումները. փոխնախարար

Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Պարետի որոշումով սահմանափակումներ են մտցվել որոշ ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներում։ Այս մասին այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, մի քանի ներմարզային փոխադրումներ են գործում Շիրակում, Լոռիում, Սյունիքում և Կոտայքում, ներհամայնքային փոխադրումներ՝ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում, մնացածներում ներհամայանքային երթուղիները չեն գործում:

Արմեն Սիմոնյանը նշեց, որ բոլոր մեքենաներն անխտիր ախտահանվում են երթից առաջ, վարորդները մինչև երթը ջերմաչափվում են, եթե ունենում են ջերմություն, ապա նրանց թույլ չի տրվում իրականացնել այդ երթը, հորդորում են ինքնամեկուսանան։

Նա նաև հայտնեց, որ այսօր Պարետի մեկ այլ հրաման է նախատեսվում, որով կարգելվեն նաև միջմարզային ուղևորափոխադումները:

Արմեն Սիմոնյանը նաև նշեց, որ արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։

 «Երկաթուղային բոլոր երթուղիներն աշխատում են իրենց նույն չվացուցակներով և ռեժիմով։ Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից միառժամանակ դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ լուծում են առաջարկում մարզերում բնակվող և Երևանում սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող անձանց համար, երբ միջմարզային տրանսպորտը չի աշխատում, իսկ մեկ ավտոմեքենայով երկու ուղևորից ավելի չի կարելի տեղափոխել, փոխնախարարն ասաց, որ սննդի ոլորտի օբյեկտներին, կազմակերպություններին կոչ են անում մարզերից Երևան եկող իրենց աշխատողների տեղաշարժի հետ կապված խնդիրների դեպքում դիմել նախարարություն:

«Մարդկանց տեղաշարժի հետ կապված որևէ բողոք կամ դիմում չենք ստացել: Եթե կա սննդի ոլորտում աշխատող որևէ օբյեկտ, կազմակերպություն, որը խնդիրներ ունի մարդկանց տեղաշարժի հետ կապված, խնդրում եմ թող դիմեն նախարարություն: Մենք կփորձենք համապասխան լուծում տալ հարցին»,- նշեց նա։

  • Կիսվել: