չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Պարբերաբար սեռական բռնության ենթարկված երեխայի մայրը դիմում է քաղաքացիներին

Պարբերաբար սեռական բռնության ենթարկված երեխայի մայրը դիմում է քաղաքացիներին

Սեռական բռնության ենթարկված 9-ամյա երեխայի մայրը այսօր ֆեյսբուքում դիմել է համաքաղաքացիներին օժանադակության համար:

Կինը տեղեկացրել է, որ մարտի 11-ին ժամը 17-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ երեխային սեռական բռնության ենթարկելու այս գործով:

Մայրը խնդրում է անտարբեր չգտնվել ու միանալ իրեն այդ օրը դատարանի բակում:

Նա հույս ունի, որ հանրային աջակցությամբ միայն հնարավոր կլինի արդարության հասնել այս սահմռկեցուցիչ ու խճճված պատմության մեջ:

«Սա իրավիճակ է, որում երեխայի նկատմամբ բռնությունն արձանագրվել է, փորձագիտորեն հաստատվել, սակայն «հանցակազմի բացակայության» հիմքով՝ կարճվել ու ցավոք, ցավոք, կրկնվել...»,-գրել է առաջին անգամ այս պատմության մասին ահազանգած ՀԺ-ի լրագրող Կարմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացուհին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին իր անչափահաս՝ 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում եւ նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի եւ մանկավարժի ներկայությամբ եւ տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաեւ՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:

Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայտնում ենք նաեւ, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաեւ 2017թ., որի ընթացքում տեւական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:

Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:

 

  • Կիսվել: