հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Պաղպաղակ արտադրող ընկերություններում ստուգումներ են

Պաղպաղակ արտադրող ընկերություններում ստուգումներ են

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները:

Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները:

«Մարիաննա» ՍՊԸ-ից վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել:

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55 գ)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Կաթ պարունակող մթերք վանիլային ICE HOUSE» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 75 գ)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք «Ֆանտազիա» վանիլային» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 100գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ, «Կաթ պարունակող մթերք վանիլային SQUIRREL» արտադրատեսակը (արտադրված 11․06․2025, 80 գ)՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

«Կուտ» ՍՊԸ-ն ներկա պահին պաղպաղակի արտադրության իրականացման համար չունի անհրաժեշտ տարածք, վերջին անգամ արտադրել է փետրվար ամսին, պահեստավորած արտադրանք չունի։

Անհատ ձեռնարկատեր Վանուհի Մովսիսյանը պաղպաղակի արտադրություն չի իրականացնում։

«Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Տվյալ արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու և շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»։

  • Կիսվել: