ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Որտեղի՞ց Վստրեչի Ապերին միլիոնավոր դոլարների կարողություն. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Որտեղի՞ց Վստրեչի Ապերին միլիոնավոր դոլարների կարողություն. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Իմ իրավաբան լինելը դեռևս բավարար չէ, որ ես կարողանամ ցանկացած վարույթի վերաբերյալ մեկնաբանություն տալ: Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանական կողմից իրականացրած գործողություններին։

«Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե դա շոու է, ապա ասեմ, որ պետական ինստիտուտներն առհասարական շոուներով չեն զբաղվում: Եթե ուժ է կիրառվել, ես ենթադրում եմ, որ դրա անհրաժեշտությունը եղել է»,- ասաց նա։

Անդրադառնալով ոստիկանների ներխուժումից հետո Արամ Վարդանյանի 5-ամյա թոռնուհուն, որը, ըստ հրապարակումների, այդ գործողություններից հետո չի խոսում, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ համապատասխան մանրամասների չի տիրապետում, բայց հեռու է այն մտքից, որ իրավապահ մարմիններում կան մարդիկ, որոնք կարող են առանց անհրաժեշտության կամ միտումնավոր ցանկություն ունենալ որևէ անձի, առավել ևս երեխայի սթրեսի ենթարկել։

«Ուրիշ բան, որ որոշ գործողություններ կատարելուց, եթե տանը կա երեխա, կարող է դա լինել անխուսափելի: Ես չեմ ասում այս անգամ դա եղել է, ես չգիտեմ էլ ձեր ասածը իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց, այո, կարող է որոշակի իրավիճակ լինել, որ եթե անձին բերման են ենթարկում, տանը կա երեխա, կին կամ ընտանիքի այլ անդամ, դա հաճելի պրոցես չէ, բայց դա չի նշանակում, որ օրինական գործողություններ չպետք է կատարվեն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ գուցե իրավապահ մարմինները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի, որը պետք է անհապաղ բացահայտել. «Ես որքանով տեղյակ եմ, Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա, տեսանյութը նայելուց ինձ մոտ հարց առաջացավ՝  հետաքրքիր է, որտեղի՞ց այդ մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն: Ես մտածում եմ, որ դա պետք է պարզվի, թե ինչպես է ստացվում՝ որևէ բիզնես չունեցողը տիրապետում է այդպիսի կարողության»։

  • Կիսվել: