Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերել են Երևանյան լճում. ժամանել են փրկարարներ
Երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, Երևանի քրեական վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի (սպանությունների) պետը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Դավիթ Նիկողսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մոտ 1 կմ երկարությամբ ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ էին կատարում և ի վերջո ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին:
Փրկարարները դուրս են բերել այն և մոտեցրել ափին:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին՝ որպես անհայտ կորած:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: