Որոշ մարդիկ փորձում են ստվեր գցել մեր եկեղեցու և վեհափառի վրա. Շարմազանովը Էջմիածնում էր
Շուրջ 2.5 տարի է՝ Հայ առաքելական եկեղեցու և վեհափառի նկատմամբ ոտնձգություններ են լինում: Այս մասին այսօր` Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ ի աջակցություն կաթողիկոսի Սուրբ Գայանե եկեղեցի էր գնացել:
«Վերջին շրջանում ևս որոշ մարդիկ փորձում են ստվեր գցել մեր եկեղեցու և վեհափառի վրա: Մենք էլ մեր հերթին առաջինը եկել ենք կիրակնօրյա պատարագին մասնակցելու և երկրորդ՝ եկել ենք մեր համերաշխությունը հայտնելու առաքելական եկեղեցուն և վեհափառին: Մենք հավաքվել ենք, որպեսզի դիմավորենք վեհափառին և մուտք գործենք Սուրբ Գայանե եկեղեցի՝ մասնակցելու պատարագի, խոստովանություն անենք և հաղորդություն ստանանք:
Ես չեմ բացառում, որ եթե այստեղ մեծ քանակությամբ մարդիկ չհավաքվեինք, որևէ պրովոկացիա չէր կատարվի: Եթե 2.5 տարի առաջ էլ այսպես համախմբվեինք Մայր Աթոռի շուրջ, դժվար թե որևէ մեկը հանդգներ վեհափառի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալ: Մենք միշտ լինելու ենք մեր եկեղեցու կողքին, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի անարգել մեր սրբությունները»,- ասել է նա: