Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15 -ի սահմաններում Սիսիան-Շաղատ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Շաղատ բնակավայրի վարչական տարածքում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Դ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահիկ Դավթյանը, Էդգար Հակոբյանը և Կարուշ Զիրոյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


