ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ոչ մի տարաձայնություն չկա, լիազորություններս դադարեցվել են իմ դիմումի համաձայն, ավելի հետաքրքիր պետական պրոյեկտում եմ ներգրավվելու. Վահագն Թևոսյան

Ոչ մի տարաձայնություն չկա, լիազորություններս դադարեցվել են իմ դիմումի համաձայն, ավելի հետաքրքիր պետական պրոյեկտում եմ ներգրավվելու. Վահագն Թևոսյան

Լիազորություններս դադարեցվել են իմ սեփական դիմումի համաձայն, ոչ մի տարաձայնություն չկա, հակառակը՝ ավելի հետաքրքիր պրոյեկտում եմ ներգրավվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն նախկին անդամ Վահագն Թևոսյանը:

«Պետական մասնակցությամբ, պետության նախաձեռնությամբ հանրօգուտ մեդիաբովանդակության խթանմանն ուղղված մի ծրագիր է ստեղծվելու, որի մեջ ներգրավվելու եմ և առաջիկայում զբաղվելու եմ դրանով: Ֆինանսավորելու է պետությունը: Ենթադրում եմ՝ պետական հիմնադրամ է լինելու, բայց դեռ ձևն ու բովանդակությունը պարզ չէ»,- ասաց նա:

Իսկ թե երբ կստեղծվի այդ հիմնադրամը, նա ասաց. «Դա ինձնից չի կախված: Ներգրավված են կառույցներ և տարբեր մարդիկ, չեմ կարող անոնսներ անել, որոնց պատասխանատուն ես չեմ: Հետագայում տեսանելի կլինի, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Թևոսյանը նշեց, որ պլանավորում է զբաղվել այդ ծրագրի առաջխաղացմամբ, նախագծի ձևը, բովանդակությունն, իր մասնակցության կարգավիճակը դեռևս քննարկումների փուլում են: «Պարզապես ես չէի կարող դրան որևէ կերպով ներգրավվել՝ առանց հրաժարականի դիմում ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս Խորհրդի անդամին այլ գործունեություն ծավալելու»,- ասաց նա:

Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները:

  • Կիսվել: