Նոր մանրամասներ Արագած լեռան վրա ձյունահյուսքի հետ կապված դեպքից
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 9 անձից բաղկացած օտարերկրացի արշավախումբը Արագած լեռան հյուսիսային գագաթին մնացել է ձնահյուսի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Արագածի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։Որոնողափրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցում են 51 փրկարար և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության 2 ուղղաթիռ։
Ըստ նախնական տեղեկությունների փնտրվող 9 քաղաքացիներից 8-ին, որոնք Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ են, և լեռնագնացներ, փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ։
Վերջիններս նաև ձնահյուսքի տակ մնալու հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, այնուհետև նրանք Արագած գյուղից օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները մթության հետ կապված ժամանակավորապես դադարեցվել են։ Առավոտյան կվերսկսվեն այդ քաղաքացուն որոնելու աշխատանքները: