Նոր մանրամասներ 16-ամյա պատանու սպանությունից. Կասկածյալների տունը զոհի տնից 300 մետրի վրա է գտնվում
Շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու կյանքը խլած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Բնակիչները NEWS.am-ին հայտնեցին, որ սպանվածը սովորում էր ավագ դպրոցում, ընտանիքում երեք երեխա են, ունի իրենից մեծ քույր եւ փոքր եղբայր:
Սպանության մեջ կասկածվողները 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանվածներ են, երկու եղբայրներ, որոնք եւս այդ օրը տարբեր վիրավորումներով տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ: Այս պահին սպանության մեջ կասկածվողների տան մոտ հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը:
Նշենք, որ թե սպանված պատանու, թե սպանության մեջ կասկածվողների տներն իրարից շուրջ 300 մետր հեռավորության վրա են, մեկ փողոց է բաժանում:
Այս պահին Քանաքեռի 5-րդ փողոցի մուտքի մոտ դեպի սպանված 16-ամյա տղայի տան ճանապարհին սեւ ժապավեն է փակցված՝ «Բենո 16»:
Նշենք, որ 16-ամյա տղայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, վաղը նրան կհուղարկավորեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ի երեկոյան Երեւանում, ժամը 22:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
Ոստիկանները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Նշված ԲԿ-ից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, որոնք կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։