շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում

ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Մասնակցել են ուժային կառույցների և իրավապահ մարմինների ավելի քան 280 ներկայացուցիչ:
 
Բանակային խաղերի ծրագրում ներառված էին ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, «ԱԿ-103» ինքնաձիգով, «ՊՄ» ատրճանակով և «ԴԴ» հրացանով հրաձգություն մարզաձևերը։
 
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարգևատրել է «ՊՄ» ատրճանակով հրաձգություն մարզաձևում մրցանակային տարբեր տեղեր զբաղեցրած կանանց և տղամարդկանց թիմերին։
 
Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ՆԳՆ աշխատակիցները արժանացել են մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։
 
«ԴԴ» հրացանով հրաձգություն մարզաձևում առաջին տեղերն են զբաղեցրել Հովհաննես Խաչատրյանը և Ալիսա Ազարյանը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդներ և գրանցելով այս մարզաձևում խաղերի պատմության ամենաբարձր արդյունքները։ Դավիթ Սիլանյանն այս մարզաձևում գրավել է երկրորդ տեղը։
 
«ՊՄ» ատրճանակով հրաձգություն մարզաձևում Քրիստինե Թորոսյանը և Մարինե Այվազյանը զբաղեցրել են երկրորդ տեղերը։
 
Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևում Մելինե Զաքարյանը զբաղեցրել է երրորդ տեղը։
Պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, պետական կառույցների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է խաղերի մասնակիցներին և մրցանակակիրներին՝ կարևորելով նման միջոցառումների անցկացումը։
 
4-րդ բանակային խաղերը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։
 
Շնորհավորում ենք Ներքին գործերի նախարարության թիմին և 4-րդ բանակային խաղերի բոլոր մրցանակակիրներին`մաղթելով նորանոր հաղթանակներ։

  • Կիսվել: