Ներկայացել է որպես թաղապետարանի աշխատակից, մտել տուն ու կապել թոշակառու կնոջ բերանն ու ձեռքերը (տեսանյութ)
Դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր կատարվել` փետրվարի 28-ին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրը ցերեկով ինչ-որ մեկը մտել էր Օհանովի փողոցի շենքերից մեկը, բարձրացել չորրորդ հարկ, թոշակառու տանտիրուհուն ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից` բնակարան էր մտել, կապել միայնակ կնոջ ձեռքերն ու բերանը, տունը տակնուվրա անելուց հետո հափշտակելու հարմար բան չգտնելով` փախել էր:
Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց: Իրավապահներն անհապաղ Օհանովի փողոց մեկնեցին:
Քրեական հետախույզները լսեցին տուժողին: Ուսումնասիրեցին բնակարանը:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության մյուս ստորաբաժանումներ: Մշակվեց օպերատիվ միջոցառումների պլան: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ թե՛ քրեական հետախույզներին, թե՛ համայնքային ոստիկաններին: Եվ դեպքից օրեր անց հետեւողական աշխատանքը դրական արդյունք տվեց:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Հաղթանակ փողոցի 35-ամյա մի բնակիչ: Մարտի 1-ին կասկածվողը Շերամի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: