Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել
Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։
Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից։
«Տարվա ավարտին տարածված գրավոր հարցմանը նույնպես որևէ բացասական պատասխան չի ստացվել»,- ասաց Հոկոբյանը։
Հակոբյանն ընդգծեց, որ այս գնահատականը վերաբերում է բացառապես պետություն–մեդիա հարաբերություններին։
«Քանի որ հանձնաժողովը չի վերահսկում լրատվամիջոցների և դրանց սեփականատերերի կամ ֆինանսավորող ուժերի փոխհարաբերությունները, ապա այդ մասով տեղեկատվության ազատության վիճակի վերաբերյալ գնահատական տալ չենք կարող։ Սակայն, կարծում եմ, այնտեղ իրավիճակը շատ ավելի տխուր է»,– նշեց Հակոբյանը։