երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նախիջևանի հայկական գերեզմանատնից, որն Ադրբեջանը ոչնչացրել է, հայտնաբերվել են հայերեն տապանաքարեր

Նախիջևանի հայկական գերեզմանատնից, որն Ադրբեջանը ոչնչացրել է, հայտնաբերվել են հայերեն տապանաքարեր

«Գեղարդ» վերլուծական․

Նախիջևանի հայկական Ողոհի կամ Աղահեցիկ գյուղն այժմ կոչվում է Ալահի[1] և մտնում է Օրդուբադի շրջանի Բիստի խոշորացված համայնքի մեջ։ Ողոհի գյուղանվան Աղահի տարբերակից բխել է բարբառային Ալահի ձևը, որն էլ ընկած է ադրբեջանցիների արտասանությամբ հնչող բառի հիմքում: Ասել է թե՝ «ադրբեջաներեն» անվան հիմքում ևս հայկական անունն է։ Ղևոնդ Ալիշանը գյուղանունը հիշատակում է նաև «Ալեաղու» կամ «Ղեամանի» ձևերով: 1870-ական թվականներին գյուղում ապրել է ավելի քան 30 հայ ընտանիք։

Ըստ 13-րդ դարի մի հարկացուցակի՝ Ողոհին Տաթևի վանքին 12 միավոր «դրամ» հարկ է վճարել։ 19-րդ դարի սկզբին Ողոհի են տեղափոխվել Իրանի Մաժանաբադ, Ղարադաղ և Սալմաստ բնակավայրերից գաղթած հայեր։ Սակայն 1989 թվականին հայերը ստիպված լքել են գյուղը։

Այս բնակավայրը հայտնի է եղել բնական հանքային աղբյուրներով։ Ալիշանը Ողոհիին կից արձանագրել է հանքային աղբյուր՝ թթուաջուր։ Գյուղը նշանավոր է եղել իր կամրջով, Սուրբ Ստեփանոս եկեղեցիով և Սուրբ Խաչ վանքով։ Ընդ որում՝ Ա․ Այվազյանը Նախիջևանի վիմագրական ժառանգությանը նվիրված իր գրքում նշում է, որ Սուրբ Խաչը եղել է վանական նշանավոր համալիր, որի ավերակների տեղում մինչև 19-րդ դարի կեսերը կանգուն եկեղեցի է եղել։ Սուրբ Խաչ վանքն, ըստ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում պահպանված արձանագրության, 17-րդ դարում ունեցել է ընդարձակ տարածքներ։ Գյուղի գերեզմանատնից, որն ադրբեջանցիները ոչնչացրել են, հայտնաբերվել են հայերեն վիմագիր տապանաքարեր։

Ողոհիցիներ այժմ ապրում են Երևանում, Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում և երազում են, որ կվերականգնվի պատմական արդարությունը, և իրենք կվերադառնան իրենց հարազատ գյուղը։

  • Կիսվել: