ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նախարար Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրենին

Նախարար Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրենին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին աջակցելու գործում։ Վերջինս խոսել է գործընկեր կազմակերպությունների հետ ունեցած արդյունավետ փորձառության մասին և այդ համատեքստում շեշտել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերի դերը։ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև պետության պատվիրակմամբ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների շրջանակը՝ նշելով, որ այդ նպատակով նախարարությունը շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացնում։  

Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկայի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, որի շրջանակում երկուստեք դիտարկվել է ոլորտային ընդհանուր հետաքրքրություների շուրջ լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը։

Շիմոն Պանեկը ներկայացրել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու նախատեսվող աշխատանքները։ Նա նաև ներկայացրել է Չեխիայի փորձը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության, սոցիալական բնակարանաշինության, խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ։ 

Կողմերն անդրադարձել են նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում պետության ու հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացված աշխատանքներին։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ չնայած ճգնաժամային իրավիճակներին՝ պետությունը հաստատուն է բազմոլորտ բարեփոխումներ իրականացնելու օրակարգի իրականացման գործում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական արդարության ապահովման, ինչպես նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։ 

 

  • Կիսվել: