Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 տարվա նախապատրաստական դասընթաց:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվեն նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը,
- վիետնամական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի, ակադեմիական տեղեկանքի պատճենները` անգլերենով և նոտարական հաստատմամբ,
- բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության մասին` տրված ոչ շուտ, քան 6 ամիս առաջ,
- վիետնամերենի իմացության վկայական՝ նոտարական հաստատմամբ (առկայության դեպքում),
- ասպիրանտուրայի դիմորդների համար՝ հետազոտական աշխատանք, ինտերնատուրայի դիմորդների համար՝ գործնական պարապմունքների պլան,
- ասպիրանտուրայի դիմորդների համար՝ երկու երաշխավորագիր՝ տրված համապատասխան բնագավառի գիտնականների (դոկտորի գիտական աստիճան) կողմից,
- դիմորդի կարողությունների, փորձի, հետազոտական նվաճումների վերաբերյալ փաստաթղթեր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
- անձնագրի պատճենը, որի ժամկետը վավեր է Վիետնամում ուսումնառության ընթացքում կամ առնվազն 1 տարի՝ Վիետնամ ժամանելուց հետո,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+2):
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մայիսի 5-30-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։
Քննությունները տեղի կունենան 2025 թվականի մայիսի 30-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Դիմորդը կհամարվի ընդունված՝ վիետնամական կողմից համապատասխան հաստատումը ստանալուց հետո:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 599-646):
Ծանոթություն.
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով: Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: