ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՄԻՊ-ը այցելել է հոսպիտալ եւ տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողին

ՄԻՊ-ը այցելել է հոսպիտալ եւ տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին:

Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ:

Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

  • Կիսվել: