Մինչև Նոր տարի «Գոլդեն Փելիսը» կհանձնվի կառավարման կամ կվաճառվի
ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից, թե ինչպե՞ս է կառավարությունն օգտագործելու նվիրատվություն ստացած «Գոլդեն Փելիս» հյուրանոցը:
«Պետությունը պատրաստվում է հյուրանոցն օգտագործել ըստ նշանակությա՞ն, թե՞ այն դառնալու է պետական կառավարման ենթակայության տակ գտնվող այն հերթական շինություններից մեկը, որոնք քանդվելու են: Արդեն իսկ կան ահազանգեր, որ երկու պատուհան է կոտրվել», - հարց ուղղեց պատգամավորը:
Նարեկ Բաբայանն ի պատասխան ասաց, որ հյուրանոցի ընդունման աշխատանքներից հետո կառավարությունը երկու տարբերակ է դիտարկում՝ լավագույն առաջարկով այն հավատարմագրային կառավարման տալ կամ էլ սակարկությունների ձևով հանվել մրցույթի կամ աճուրդի:
Ճշտող հարցին, թե ե՞րբ է կառավարությունը պատրաստվում իրականացնել այդ միջոցառումները՝ Բաբայանը նշեց. «Հուսով եմ՝ մինչև Նոր տարի»:
Կառավարության որոշման համաձայն՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցեվել էր Հայաստանի Հանրապետությանը: Այն պատկանում էր ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին: