երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Քաղաքացիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր․ Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակելու մասին

Քաղաքացիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր․ Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակելու մասին

Կառավարության արտահերթ նիստում որոշում էր կայացվել սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններով: Այն է ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, Իրանի քաղաքացիներն էլ՝ Իրան: Այս մասին լրագրողների հետ հրատապ ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաճախ նշվում էր, թե ինչու ամբողջությամբ չի փակվել սահմանը: Ասեմ, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը չի կարող սահմանափակվել: Հետևաբար՝ մեր քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,-ասաց նա:

Ըստ նախարարի՝ Իրանից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու ընթացքում մասնագետները աշխատել են Թեհրանից սկսած: Նրանց ուղեկցում էին բժիշկները, կատարում անհրաժեշտ զննում, բոլորին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ: Նույն վերահսկողությունը շարունակվել է Երևանում: Ուղևորներից  որևէ մեկը, չունենալով գանգատ, գնացել է տուն: Իսկ թե ինչու չի կազմակերպվել կարանտին, նախարարն ասաց, որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է:

Թորոսյանը նաև շեշտեց, որ Թեհրանից Հայաստան եկած ուղևորները օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով: Եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ, ապա խորհուրդ է տրվում տվյալ անձի նստած տեղից երկու շարք առաջ, և երկու շարք հետ, ինչպես նաև իր շարքի ուղևորներին մեկուսացնել, ինչն էլ անում ենք: Մեկուսացվել է հիվանդին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին, որը տաքսու վարորդ չէր: 

«Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Նա տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով, անձնակազմը նույնպես մեկուսացվել է: Մենք բոլորին պահում ենք հսկողության տակ: Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,- ասաց նա:

  • Կիսվել: