Մեր ասուլիսները և ձեր կառավարության նիստերը դրեք, համեմատեք, տեսեք՝ ով կրթության կարիք ունի. առևտրական կինը՝ Փաշինյանին
Ես արդեն թոշակառու եմ, 64 տարեկան ու վարչապետն ասում է՝ գնացեք, զբաղվեք ինքնակրթությամբ. միգուցե դուք գնաք զբաղվեք ինքնակրթությամբ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, կառավարության շենքի դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Իրինա անունով: Նա նշեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 18 տարի աշխատելուց հետո կասեցրել է իր գործունեությունը:
«Հարց ենք տալիս, ի՞նչ ինքնակրթության մասին է խոսքը, բիզնեսի՞ն է վերաբերվում: Հարգելիներս, մանրածխ բիզնեսը այլևս գոյություն չունի, դա ինքնազբաղվածություն է, երբ մարդիկ կարողանում են և տարածքի վճար տան, և թոշակային ֆոնդը տան, և բանակի 5000-ները վճարեն ու իրենք էլ գոյատևեն։ Հիմա ձեր ի՞նչն է ավելանալու, եթե ես հիմա իմ գործունեությունը կասեցնում եմ, ու այդքան վճարներ չի լինելու։ Հիմա ես եկել եմ ասեմ՝ հանգստանո՞ւմ եք հիմա, որ 1000 հոգուց ավելի մարդ կասեցնում է իր գործունեությունը:
Որտեղ դիմում ենք, մեզ ասում են՝ մի հոգի է որոշում՝ Փաշինյանը: Բա այդքան մինիստրներ ու տեղակալներ այդտեղ ի՞նչ են անում: Փաշինյանն ամենագետն է, մենք տեղյակ չե՞նք։ Լսեք, մի հատ մեր ասուլիսները նայեք ու ձեր կառավարության նիստերը նայեք, դրեք իրար կողք ու համեմատեք, տեսեք՝ ով կրթության կարիք ունի։ Ամոթ է, ներկայացնում եք պետությունը, աշխարհում խայտառակ արեցիք մեզ: Հիմա էլ ոչնչացնում եք այս երկրի մանածախ բիզնեսը»,-ասաց առեւտրական կինը: