Մեղրիում «Կրթվելը նորաձև է». այսօր Շարժման 25-րդ հանդիպումն էր
Շարունակվում են «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, և այս անգամ կրթաշղթան Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Մեղրիում էր։ Միջոցառումը կայացավ Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական կազմակերպիչներ և շարժման ակտիվ մասնակիցներ Լուսինե Վարդանյանին, Մերի Հակոբյանին և Աննա Նավասարդյանին՝ ընդգծելով, որ հենց նրանց նախաձեռնողականության շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։ Իր ելույթում տիկին Հակոբյանը շեշտեց, որ կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի կարողանանք հաղթահարել մինչ այսօր մեր մեջ արմատացած բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն առաջադեմ և կրթված հասարակության հետ։
Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» խորագրով բանախոսությունը։ Նա ընդգծեց, որ կրթությունը գործիք է, որը մեզ զինում է կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բանաձևերով ։
Հետո տեղի ունեցավ գեղարվեստական գեղեցիկ դադար. Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի երգչախումբը, պարի խմբակը և մարզամշակութային կենտրոնի պարային խմբակը հանդես եկան ելույթներով։
Սուրճի ընդմիջման հատվածը վերածվեց կենդանի և անմիջական շփման միջավայրի, որտեղ Շարժման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ մթնոլորտում ուղղել իրենց հարցերը վարչապետին և վարչապետի տիկնոջը, լուսանկարվել նրանց հետ, կիսվել սեփական մտքերով։
Հարցուպատասխանի փուլը հանդիպման թերևս ամենակենդանի և ակտիվ հատվածներից մեկն է։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր կրթության, ծրագրերի մշակման, տարբեր կենտրոնների առկայության, իրենց մտահոգությունների և այլ թեմաների շուրջ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը պատասխանեցին հարցերին՝ խրախուսելով նման քննարկումները` որպես երկխոսության և զարգացման լավագույն ճանապարհ։
Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը`
https://forms.gle/14TU9paSzmZrKeps5
- ապրիլի 19 - Թալին
- մայիսի 3 - Բերդավան
- մայիսի 4 - Բերդ
- մայիսի 10 - Կապան
- մայիսի 11 - Քաջարան
- մայիսի 17 - Աշտարակ
- մայիսի 31 - Վանաձոր: