չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մարզահամերգային համալիրում միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են. Պարզաբանում

Մարզահամերգային համալիրում միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են. Պարզաբանում

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության բաժնից նշում են. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, որոնք կազմակերպվում են ամեն տարի ամռանը և պլանավորվում են երկար ժամանակ առաջ։ Եհովայի վկաներն արդեն ավելի քան 130 տարի նման համաժողովներ են կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք անցկացվում են նաև Հայաստանում։

Համաժողովներին մասնակցում են Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Համաժողովների ծրագրերը բացառապես հոգևոր և կրթական բնույթ ունեն։ Ելույթների, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով մասնակիցները սովորում են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել առօրյա կյանքում, ինչը նպաստում է ընտանեկան արժեքների ամրապնդմանը, օրինապահ վարքի և բոլոր մարդկանց նկատմամբ հարգանքի դրսևորմանը։

Հարկ է նշել, որ Եհովայի վկաները համաշխարհային մակարդակով հայտնի են քաղաքական և միջկրոնական հարցերում չեզոքություն պահպանելու իրենց դիրքորոշմամբ։ Ուստի վերոնշյալ համաժողովների անցկացումը որևէ առնչություն չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների ու դրանց շուրջ ծավալվող քննարկումների հետ և որևէ կերպ պայմանավորված չէ դրանցով»։

  • Կիսվել: