Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է
Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է, որը նշվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայր և զարգացում գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր: ՄԱԿ-ը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ` նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի` ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան։
Օրը նվիրված է այնպիսի գործողությունների, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել` ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնելու քաղցրահամ ջրի պահպանության և դրա հասանելիության կարևորության վրա։
Ամեն տարի ՄԱԿ-ի կողմից ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով. 2020թ. Ջրի համաշխարհային օրը նվիրված է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը» թեմային, ինչպես նաև այն անբաժանելի կապին, որ գոյություն ունի նրանց միջև։ 2020 թ. Ջրի համաշխարհային օրվա կարգախոսն է «Յուրաքանչյուրն ունի իր դերը»։
Նպատակն այն է, թե ինչպես մեր մոտեցումը ջրօգտագործմանը կնպաստի հեղեղումների, երաշտների, ջրի անբավարարության և աղտոտման նվազեցմանը և կօգնի կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Հարմարվելով ջրային ռեսուրսների տեսանկյունից կլիմայի փոփոխությանը՝ մենք կարող ենք պահպանել մեր առողջությունը և փրկել կյանքեր։
Մենք հնարավորություն չունենք սպասելու։ Կլիմայի և ջրային ռեսուրսների հետ կապված հարցերը պետք է համարել առաջնահերթություն: