Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մեկ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այս պահին վիրահատում են: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։
ՆԳՆ-ից փոխանցել էին, որ պատահարի հետևանքով կա մեկ զոհ՝ 45-ամյա տղամարդ: