շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. Անդրեասյան

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. Անդրեասյան

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, թե ինչ է արվել դպրոցն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, քանի որ կան տնօրեններ, ուսմասվարներ, մանկավարժներ, որոնք դասերի ժամանակ զբաղվում են քաղաքականությամբ:

՛՛Եթե որևէ մեկը զբաղվում է նման գործունեությամբ, սա ուղիղ հիմք է՝ համապատասխան գործընթաց սկսելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու՛՛,-ասաց նախարարը և հիշեցրեց՝ նախորդ տարի փոփոխություն է կատարվել, որով կարգավորվել է դպրոցների ղեկավար կազմի՝ կուսակցական գործունեության սահմանափակման պահանջը, դրվել է քաղաքական զսպվածության պահանջը, այն է՝ դպրոցների տնօրենները, վարչատնտեսական համակարգողները չեն կարող իրենց դիրքն օգտագործել որևէ կուսակցության, քաղաքական ուժի օգտին:

՛՛Պետք է ուղղորդեմ, որ ցանկացած նման խախտման դեպքում ուղղակի տեղեկացնեն, որովհետև օրենսդրությունը բավարար է քայլեր ձեռնարկելու համար՛՛,-նշեց Անդրեասյնը՝ հավելելով, որ նման ահազանգեր ԿԳՄՍՆ-ն ստացել է երեխաներից, և որ լինում են նաև աշխատանքից հեռացումներ:

՛՛Ուզում եմ զգուշացնել, որ ցանկացած նման դեպքի պարագայում չի լինելու քննարկում, լինելու է ուղղակի հետևանք, և ևս մեկ անգամ հորդորում եմ պահել օրենսդրությունը և կրթական համակարգում զբաղվել կրթությամբ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: