Կոտայքում տուգանային հրապարակ են տեղափոխվել մարզում հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ
Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում Կոտայքի մարզային քրեական վարչության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G» մակնիշի՝ ժողովրդին հայտնի «յաշիկ»-ներ, «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ: Բոլորը քննիչի կողմից կնիքվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և այն կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում: