ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Հաճնի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Հաճնի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի և մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ ճոպաններով և ջրատարի աշխատակիցների հետ դուրս բերեցին մարմինը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: