Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան.մարզպետ
Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կոտայքի մարզպետարանը ևս այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:
Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։
Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ:
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետարանում կազմակերպվել է քննարկում:
Հայտնեմ, որ այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ վերահսկողության ներքո:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է՝
Ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել,
Մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները,
Չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները,
Ժամանակավորապես չեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենների և/կամ ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում,
Համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները:
Եվս մեկ անգամ պիտի հորդորեմ մեր քաղաքացիներին՝ տեղիք չտալ խուճապ առաջացնող տրամադրություններին, պահպանել զգոնություն և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերին»։