Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիները կրկնակի թեստավորում կանցնեն
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, ներկայում խնդիրներ չկան, հետևաբար բուժում էլ չի ստանում»,- ասաց նա։
ԱՆ մամուլի քարտուղարը հայտնեց նաև, որ նախատեսվում է իրականացնել կրկնակի թեստավորում: «Այսինքն, թեստավորման բացասական պատասխանի դեպքում ևս մեկը կարվի: Եթե բոլորի մոտ թեստավորման արդյունքները բացասական լինեն, ապա և՛ կարանտինում գտնվողները, և՛ պացիենտը դուրս կգրվեն»,-ասաց նա։