Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք, վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի. Փաշինյան
Կորոնավիրուսի երկու հաստատված նոր դեպք ունենք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Էջմիածնի դեպքերի մասին:
Վարչապետն ասաց, որ դրանք նոր դեպքեր չեն այն առումով, որ թեև նոր են հաստատվել, սակայն այդ մարդիկ արդեն մեկուսացված են եղել, մեկուսացման պայմաններում է հաստատվել նրանց վիճակը:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վաղը իրավիճակն ավելի մանրամասն կհասկանանք, կգնահատենք,հետագա անելիքների մասին կհայտնենք, ես արձակուրդս հետաձգում եմ, մեր քարոզչական միջոցառումները պիտի հետաձգվեն, ես վաղը աշխատելու եմ կառվարությունում՝ հավաքագրելուկորոնավիրուսի մասին ողջ ինֆորմացիան»:
Վարչապետը խնդրեց պահպանել հանդարտություն, իրավիճակին չվերաբերվել չափազանցված մոտեցումներով: Նա բոլոր հիվանդներին առողջություն մաղթեց և ասաց, որ կանխարգելման ամենամեծ գործոնը մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է:
Ամփոփելով՝ վարչապետն առանձնացրեց մի քանի կետեր.
«Ես արձակուրդս ընդհատում եմ, աշխատանքի մեջ կմտնեմ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:
Այսօրվա երկու դեպքերը նոր չեն, նրանք արդեն մեկուսացված են եղել, այդ պայմաններում է հաստատվել նրանց վիճակը:
Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի:
Վաղվա խորհրդակցության ժամանակ, եթե անհրաժեշտ լինի, այլ միջոցառումների մասին կհայտարարենք:
Վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա»: