երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Կլիմայի փոփոխության գնահատականներով՝ մայիսի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով

Կլիմայի փոփոխության գնահատականներով՝ մայիսի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է  2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում․

«Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։

​Մայիսի 31-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Մեղրիում հասավ 36 °C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է մայիսի 16-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում (3229 մետր բարձրության վրա)՝ -8․2 °C։ Առավելագույն օրական տեղումների քանակը դիտվել է Արտաշատում մայիսի 5-ին, երբ 3 ժամ և 10 րոպեի ընթացքում դիտվեց 58․2 մմ քանակությամբ հորդառատ անձրև, որը կազմում է մայիս ամսվա նորմայի ավելի քան 150 %-ը։

Մայիսի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը բարձր էր նորմայից՝ հիմնականում 2-3 °C-ով, որին հաջորդեց նորմային մոտ ջերմաստիճաններով երկրորդ տասնօրյակը, իսկ ամսվա վերջին տասնօրյակում միջին ջերմաստիճանները կրկին բարձր էին նորմայից՝ 1-2 °C-ով։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 12․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 7․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ մայիսը դիտվել է 1936 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 186․6 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 39․5 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են 21 մմ-ով, որը կազմում է նորմայի 26 %-ը»։

  • Կիսվել: