Կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում առանձին-առանձին շրջել․ փոխոստիկանապետ
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց, որ մարտի 26-ից Արցախ կարող են գնալ այն անձինք, ովքեր Արցախի Հանրապետությունում ունեն հաշվառում։ Սահմանափակում չկա նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, ինչպես նաեւ Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների, Պաշտպանական բանակի սնուցման գործառույթ իրականացնող բոլոր կազամակերպությունների:
Ըստ փոխոստիկանապետի ներկայացրած տվյալների՝ մինչ մարտի 28-ը ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելու պատճառով 1843 դեպքով ուղևորները իջեցվել են մեքենաներից, 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են տույժերի:
Հարցին, թե եթե մեքենաներում չի թույլատրվում 2-ից ավելի ուղևոր, արդյոք, օրինակ, ամուսինները պետք է երթևեկեն առանձի՞ն մեքենաներով, Մհրյանն ասաց. «Կխնդրեմ բոլոր ամուսիններին՝ այս իրավիճակում առանձին-առանձին շրջել»: