Կկանոնակարգվի պետության սեփականություն հանդիսացող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը. նախագիծ
Խորհրդարանը մարտի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Նրա խոսքով գործող օրենսդրության համաձայն, ըստ էության, պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, եւ, ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում: Բացի դրանից՝ ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով Կառավարությունը` ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում` անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում:
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված՝ ամրացված, պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: