չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի

Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի

Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ արդեն իսկ մեկնարկել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։ 

Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

«Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Ծրագրի ողջ արժեքը՝ մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: